Շրջանավարտներից լավագույններն արդի հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ են`ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ, արվեստի վաստակավոր գործիչներ և շքանշանակիրներ՝ երգիչներ Գեղամ Գրիգորյան, Էմմա Պապիկյան, դաշնակահարներ Աշոտ Խաչատրյան, Ջուլիետա Վարդանյան, ջութակահարներ Աննա Հարությունյան, Լուսինե Աղաբաբյան, կոմպոզիտորներ Աշոտ Բաբայան, Ստեփան Բաբաթորոսյան, դիրիժոր Ռուբեն Ասատրյան, ինչպես նաև էստրադային երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններ, դուդուկահարներ Կամո Սեյրանյան, Մկրտիչ Կարապետյան, ազգային երգի սիրված վարպետներ Պապին Պողոսյան, Սուսաննա Սաֆարյան, Մանիկ Գրիգորյան և այլք:
Քոլեջի ուսանողներն այսօր էլ շարունակում են ներկայանալ և արժանանալ մրցանակների միջազգային ու հանրապետական տարբեր փառատոներում և մրցույթներում, ելույթներ են ունենում մայրաքաղաքի լավագույն համերգասրահներում, հանդես գալիս բարեգործական համերգներով:
Այսօր Քոլեջում գործում են երաժշտական տարբեր համույթներ`կամերային նվագախումբ, փողային նվագախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, ուսանողական երգչախումբ և երաժշտաթատերական ստուդիա:
1996 թ.-ից ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժտամանկավարժական քոլեջի ջանքերով վեց անգամ կազմակերպվել և անցկացվել է «Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների հանրապետական մրցույթ»:
Այնուհետև՝ 2011 թ.-ից, նույն հիմնադիրների նախաձեռնությամբ, անց է կացվել Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային հինգ մրցույթ-փառատոն: Այն արդեն դարձել է ավանդական:
Մրցույթ-փառատոնի դափնեկիրներից երեքը`Արուս Աճեմյանը, Լիլիթ Գրիգորյանն ու Ժորա Սարգսյանը, արժանացել են ՀՀ նախագահի «Երիտասարդական մրցանակի», շատերն արդեն ունեն միջազգային հեղինակավոր մրցույթների դափնիներ:
Հանրապետական վեց և առաջին միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի պատվավոր նախագահն էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը:
Ժյուրիի կազմում ընդգրկվել են անվանի երաժիշտներ Լատվիայից, Էստոնիայից,
Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից ու Հայաստանից:
Միջազգային հինգ մրցույթ-փառատոներին մասնակցել են 500-ից ավելի պատանիներ և երիտասարդներ՝ 11 երկրից (Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրալիա, Վրաստան, Ղազախստան, Իրան, Սիրիա, ԱՄՆ և Չինաստան):
2021 թ.-ին լրացավ
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի
վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Այս կապակցությամբ Առնո Բաբաջանյանի անունը կրող քոլեջը
տարին հայտարարել է բաբաջանյանական՝ բոլոր միջոցառումները նվիրելով կոմպոզիտորի հոբելյանին:
Հոբելյանական
միջոցառումների գագաթնակետը կհանդիսանա Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ
դաշնակահարների միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը, որն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-28-ը՝ Երևանում: